Գրիգոր Երիցյանը տեսանյութում խոսում է երիտասարդների հիմնախնդիրների մասին և որոնք են Հայաստանում երիտասարդների հաճախ խախտվող իրավունքները, ինչպես նաև թե որոնք են բարձրագույն կրթություն ստանալու խոչընդոտները և համակարգային խնդիրները, որոնք առ այսօր լուծված չեն։ Կրթական համակարգի խնդիրները ընկած են երիտասարդների առօրյա բազմաթիվ խնդիրների հիմքում, ինչպես օրինակ աշխատանք գտնելը, քաղաքական ակտիվ մասնակցություն ունենալը և ֆինանսապես անկախ լինելը։
Նա նշում է, որ երիտասարդների համար դժվար է կրթություն ստանալ, քանի որ անվճար կրթական համակարգը Հայաստանում շատ սահմանափակ է, իսկ ուսման վարձերը ստիպված են վճարել երիտասարդների ծնողները, ինչն էլ ավելի է խորացնում ծնողներից տնտեսական կախվածության մեջ լինելու փաստը։ Բացի այդ երիտասարդները դժվարանում են աշխատանք գտնել, քանի որ գտնվում են մի անվերջ շղթայի մեջ՝ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է փորձ, իսկ փորձի համար անհրաժեշտ է աշխատանք։ Մինչ օրս Հայաստանում չկան տնտեսական կյանքում և աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածությունը, ներգրավումը խթանող ծրագրեր։ Գրիգոր Երիցյանը մատնանշում է նաև, որ Հայաստանում բավական ցածր է երիտասարդների մասնակցությունը քաղաքականության մեջ և նրանք շատ քիչ տոկոս են կազմում որոշում կայացնողների շրջանում, ինչը բերում է նրան, որ երիտասարդներին վերաբերվող օրենքները ընդունվում են առանց երիտասարդների մասնակցության կամ նրանց կարծիքը լսելու։ Հայաստանում երիտասարդները նաև չունեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ազգային միություններ կամ կազմակերպություններ կամ երիտասարդներին միավորող որևէ կառույց։ Նա որպես լուծման առաջին քայլ է առաջարկում նախևառաջ իրականացնել աշխատաշուկայի վերլուծություն, որպեսզի պարզ դառնա, թե որոնք են այն մասնագիտությունները, որ ապագա ունեն և որոնք են մեռնող մասնագիտությունները։
Կրթական համակարգում առկա բազմաթիվ խնդիրներից Գրիգոր Երիցյանը խոսում է հատկապես կրթության որակի, կրթության ֆիզիկական և ֆինանսական հասանելիության, գրագողության և դրա կանխման մեխանիզմների բացակայության մասին։ Երիտասարդներից շատերը չունեն հասանելիություն հայալեզու մասնագիտական գրականության, իսկ լեզուների իմացության մակարդակը նրանց թույլ չի տալիս, որ կարողանան ընթերցել գրականություն օտար լեզուներով։ Կրթության ցածր որակն ու ոչ ինտերակտիվ դասավանդման մեթոդները հանգեցրել է ուսման նկատմամբ հետաքրքրության և մոտիվացիայի պակասին, ինչի պատճառով ԲՈՒՀ-երում քչացել են նաև տեխնիկական և բնագիտական մասնագիտությունների նկատմամբ դիմումները։ Բացի այդ գնահատման համակարգը շարունակում է լինել անարդար, կրթական միջավայրը՝ շատ մրցակցային։ Գրիգորը մատնանշում է, որ կոռուպցիան ամբողջովին դուրս չի եկել հայաստանյան ԲՈՒՀ-երից։ Կրթության համակարգում առկա խնդիրների լուծումը հրատապ է, քանի որ դրանց չլուծման պարագայում աշխատաշուկան կշարունակի կորցնել լավ մասնագետների, իսկ պետությունը՝ լավ գիտնականների։
Հղումներ
Youth Transition to Work in Armenia (զեկույց, անգլերեն)
Youth Participation and Youth Inclusion (ձեռնարկ, անգլերեն)
ՀՀ-ում զբաղվածության հիմնահարցերն ու դրանց հետ կապված պետական ծրագրերը (հետազոտություն)
ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները (վերլուծություն)
Կրթության որակի ընկալումները հանրակրթական համակարգում (հետազոտություն)