1980-ականների Կանաչների սոցիալական և քաղաքական կարճատև ակտիվությունը Հարավային Կովկասում մարեց 1990-ականների խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետևանքով։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունը ոչ միայն չի վերադարձրել Կանաչ փոխակերպման, այլ նաև բավարար չափով իրազեկված չէ և չի գիտակցում, թե որոնք կարող են լինել դրա օգուտները։ Քաղաքի հանրային տարածքների պահպանմանը և արդյունաբերական տարածքներում շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հիմնախնդիրներին ուղղված երիտասարդական նախաձեռնություններն իրենցից հուսադրող միտում են ներկայացնում, որոնք աստիճանաբար Կանաչ պլատֆորմներ են ձևավորում քաղաքացիական ակտիվության համար։
Կանաչ արժեքների հիմքում ընկած «կանաչ» նշանակիչը ոչ թե պետք է հասկանալ բառի նեղ առումով, այլ հղացքի լայն՝ վերջին հարուրամյակի ընթացքում ավելի ու ավելի ընդլայնված և խորացված իմաստով: «Կանաչական» կոչվող քաղաքականությունն ընդունված է նույնացնել բնապահպանական խնդիրների հետ, այնինչ եզրն այսօր ավելի շուտ նույնացվում է կայուն զարգացման հետ, որտեղ «կայունը» ոչ միայն վերաբերում է մարդ և բնություն, մարդ և մոլորակ փոխհարաբերություններին, այլ նաև նրան, թե որքանո՛վ են ներդաշնակ մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ և քաղաքական հաստատություններ, մարդ և մշակութային նորմեր փոխառընչությունները, տիրույթներ, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս, որ քաղաքական հաստատություններին, իշխանությանը, վերընծայմանը (ռեպրեզենտացիա) և էթիկային վերաբերող դասական քաղաքական հարցերը քննության առնվեն նորովի (օրինակ՝ կանաչներն արժևորում են բռնության բացառման, սոցիալական արդարության և արմատընթեր (grassroots) ժողովրդավարության արժեքները), այլև երկխոսության անհամար դռներ են բացում մոտ և հեռու տարբեր գիտությունների՝ բնագիտության, աշխարհագրության, տնտեսագիտության, քաղաքագիտության, քաղտնտեսության, հասարակագիտության, մշակութաբանության, քաղաքաքաշինության, ճարտարապետության և այլ գիտակարգերի միջև:
Դասընթացը կանդրադառնա՝
– Որոնք են կանաչ արժեքները և իրավունքները:
– Ինչպե՞ս ենք մենք ներազդում մեր մոլորակի վրա:
– Որո՞նք են Հայաստանի էկոհամակարգերի վրա տեղի ունեցող տեղական և համաշխարհային ճնշումները:
– Ինչպե՞ս է կապիտալիստական համակարգը գերշահագործում, ոչնչացնում և վատթարացնում բնական ռեսուրսներ և ինչ այլընտրանքներ կարող են լինել: